Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Թրամփը կարևոր շրջադարձ է անում Մերձավոր Արևելքում

Թրամփը կարևոր շրջադարձ է անում Մերձավոր Արևելքում
23.12.2018 | 09:39

Երեք ցնցող նորություն ԱՄՆ-ից: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրահանգել է զորքերը դուրս բերել Սիրիայից ու Աֆղանստանից, երրորդը` ԱՄՆ ՊՆ նախարար Ջեյմս Մետիսի հրաժարականը, որ ակնհայտորեն կապված է նախորդ երկու որոշումների հետ: Սպիտակ տունը վերակառուցում է իր գործողությունների մարտավարությունը Սիրիայում ու Աֆղանստանում, գուցե հետագայում փոխվի և ռազմավարությունը: Մետիսը համաձայն չէր ու հրաժարական տվեց: The New York Times-ը նախագահի ու նախարարի տարաձայնություններին հավելում է նաև Իրանի միջուկային համաձայնագիրը:


Արտաքուստ կարող է թվալ, որ Սիրիայում ու Աֆղանստանում իրավիճակը որոշ ընդհանրություններ ունի: Օրինակ` երկու երկրներն էլ Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի բազմամյա աշխարհաքաղաքական ռազմավարության ցանցում էին: Բայց ակնհայտ են և տարբերությունները: Սիրիայում պատերազմում են 5 տարուց մի քիչ ավելի: Աֆղանստանում մեծ հաշվով (որոշ ընդմիջումներով) պատերազմում են տասնամյակներով: Սիրիան աշխարհիկ պետություն է: Աֆղանստանին դա չի սպառնում: Երբ այնտեղ էր սովետական «սահմանափակ զորախումբը», ապարդյուն փորձ արվեց Աֆղանստանը «սոցիալիստական պետություն» դարձնել: ԱՄՆ-ը ունի ձախողված «կապիտալիստական նախագիծ»: Երբ Սիրիայում հայտնվեց ԻՊ-ը, երկիրը ներքաշվեց աֆղանական միջնադարի մակարդակ: Այնուհանդերձ` Վաշինգտոնի ու նրա դաշնակիցների համար Աֆղանստանում ու Սիրիայում ընդհանուր էր միջազգային ահաբեկչության դեմ պայքարի կարգախոսը: Բայց Սիրիայում թշնամի էր հայտարարվել Բաշար Ասադը, խաղը դրված էր ընդդիմադիր ուժերի վրա: Աֆղանստանում ամերիկացիները աջակցում են իշխող վարչակարգին: Դա կարևոր տարբերություն է: ԱՄՆ-ը Սիրիայից դուրս է բերում իր զորախումբը` մոտ 2000 մարդ, հայտարարելով ԻՊ-ի դեմ հաղթանակ ու մաքրում է «սիրիական դաշտը»: Աֆղանստանից դուրս են բերվում 7000 զինվորականներ, որ այդ երկրում գտնվող զորախմբի կեսն է: Սիրիայում տարածքի նշանակալից մասը Դամասկոսի վերահսկողության տակ է և հիմա օրակարգում կոնֆլիկտի կարգավորման քաղաքական-դիվանագիտական ջանքերի ակտիվացման խնդիրն է: Աֆղանստանում ամեն ինչ այլ է: Ամենամյա ամփոփիչ ասուլիսում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ասաց. «Քաբուլի պաշտոնական իշխանությունը երկրի տարածքի ո՞ր մասն է վերահսկում: Հազիվ թե 1\3-ից ավելին, եթե անկեղծ լինենք: Ընտրություններ են անում, որոնց արդյունքները հաշվում են ամիսներով: Դա նորմա՞լ է»:

Պուտինը կարևորեց «բաց ու հրապարակային բանակցությունների անհրաժեշտությունը թալիբների ու քաղաքական գործընթացի մյուս մասնակիցների հետ բուն Աֆղանստանում»: Հանուն անաչառության արձանագրենք, որ ԱՄՆ-ը ժամանակ առ ժամանակ բանակցում է Թալիբանի հետ: Հերթական ռաունդը կկայանա Սաուդյան Արաբիայում` առանց Քաբուլի ներկայացուցչի: Գուցե պետք է ինչ-որ փոփոխությունների սպասել` ԱՄՆ-ի զորքերի մի մասի դուրսբերումից հետո: The Wall Street Journal-ը գրում է, որ Վաշինգտոնը լուրջ շրջադարձ է ձեռնարկում Մերձավոր Արևելքում իր քաղաքականության մեջ, իսկ Թրամփը սկում է խառնել և իր դաշնակիցների, և ընդդիմախոսների խաղաքարտերը: Նրանք գտնում են, որ նախագահը փորձում է «դրամատիկ տեղաշարժ անել աշխարհի թեժ կետերի վերաբերյալ դիրքորոշումների մեջ, նույնիսկ Իրանի նկատմամբ հարաբերություններում` առանց համաձայնեցնելու իր թիմի անդամների հետ»: Այս թեմայով ԱՄՆ-ոի ու Արևմուտքի լրատվամիջոցներում բազմաթիվ հակասական մեկնաբանություններ են արվում: Չշտապենք ու եզրակացություններ չանենք` ԱՄՆ քաղաքականության կտրուկ փոփոխությունը լուրջ վերլուծություն է պահանջում: Reuters-ը, հղում անելով ԱՄՆ վարչակազմի ներկայացուցչին, հայտարարում է, որ զորքերի դորսբերումը կտևի 60-100 օր: Բավականին բարդ օրեր: Փակ դռների հետևում Պենտագոնը փորձում է Թրամփին համոզել, որ համաձայնի զորքերի վերահսկվող ու աստիճանական դուրսբերմանը, որպեսզի փախուստ ու «դաշնակիցներին` օրինակ Սիրիայի քրդերին, դավաճանություն չդիտվի»: ԱՄՆ նախագահը Թուրքիայի նախագահին նախապես էր իր որոշումը տեղեկացրել: Անկարան դրական էր գնահատել ու բեկանել էր իր հարձակումը Եփրատի արևմուտքի վրա, թեպետ փորձագետները չեն բացառում, որ ամերիկացիներն այնտեղ թուրքերի համար որոշ «աշխարհաքաղաքական հենարաններ» են թողել: ՌԴ ԱԳՆ-ն հայտարարեց, որ «Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերման որոշումը կոնֆլիկտի քաղաքական կարգավորման հեռանկարներ է ստեղծում այդ երկրում»: Բայց գլխավոր իրադարձությունը դեռ առջևում է: Առաջիկա օրերը կամ շաբաթները ցույց կտան` ի՞նչ կհաջորդի Թրամփի որոշմանը իրանական կարևոր ուղղությամբ: Դեռ բոլորովին վերջերս Վաշինգտոնը ծրագրում էր Սիրիան օգտագործել իբրև պլացդարմ Իրանի դեմ: ԱՄՆ-ի զորախմբի դուրսբերումը միանշանակ կուժեղացնի Թուրքիայի, Իրանի ու Ռուսաստանի դիրքերը տարածաշրջանում: Բայց դեռ վաղ է հասկանալու համար` Թրամփի մարտավարությունը այս տարածաշրջանում կվերաճի՞ նոր կայուն ռազմավարության և ո՞վ պատրաստ կլինի ընդունել, ո՞վ` ոչ:
Ստանիսլավ Տարասով, REGNUM


Հ.Գ. Ֆրանսիան, օրինակ, չի պատրաստվում Սիրիայից դուրս բերել իր զորախումբը` համարելով որ ԻՊ-ի դեմ պայքարը ավարտված չէ: Առայժմ լռում է Իսրայելը և պարզ չէ` կշարունակի՞ ռմբակոծել Սիրիայի տարածքը` իբր կանխելու համար Իրանի զենքի փոխանցումը Հեզբոլահին: Խաղից դուրս չեն և Սաուդյան Արաբիայի աջակցությունն ունեցող սիրիաբնակ արաբները: Իվերջո, չի բացառվում, որ Թրամփը կասեցնի ԱՄՆ զորքերի դուրսբերումը ու հայտարարի, որ դեռ վտանգ կա: Չի լուծվում քրդերի հարցը: Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ տարածաշրջանի ու տարածաշրջանից դուրս ուժերը Սիրիայում ոչ այնքան պայքարում էին ահաբեկչության դեմ, որքան իրենց շահերն էին ներկայացնում` կենտրոնանալով նավթով ու գազով հարուստ շրջաններում կամ բնական ռեսուրսների փոխադրման ճանապարհները փորձելով վերահսկողության տակ վերցնել: Դոնալդ Թրամփը Սիրիայից հենց այնպես չի հեռանում, կա ինչ-որ գործարք, հանուն որի բիզնեսմեն նախագահը իր «մասնաբաժինը» կամ հանձնել է ուրիշ երկրի` ավելի մեծ փոխհատուցման դիմաց, կամ խաղը փոխադրել է այլ տարածք: Դոնալդ Թրամփի որոշումը կարող է մաս լինել շատ ավելի մեծ ծրագրի, որտեղ Սիրիան ընդամենը երկրներից մեկն է:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2820

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ